top of page

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Հիմնադրվել է 1968թ.:Հիմնական ֆոնդերում պահպանվում են մոտ 15000 ցուցանմուշ, որոնք գտնվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության, անձնական ֆոնդերի, քանդակի, բնություն և այլ բաժիններում ու ենթաբաժիններում:  

​Թանգարանում պահպանվում են նախապատմական ժամանակաշրջաններին վերաբերող բնության, կենդանական աշխարհի եզակի ցուցանմուշներ / քարացած բրածո ծովաստղեր, խխունջներ, շնաձկան ատամ, ոստրեներ և այլն/: Բազմաթիվ են հնագիտության բաժնին վերաբերող նյութերը, որոնք գտնվել են ոչ միայն պեղումների արդյունքում այլև պատահականորեն: Բացառիկ ուշադրության են արժանի  քարեդարյան աշխատանքային օբսիդիանե գործիքները /միջուկներ, մանգաղի ներդիրներ, նետասլաքներ/,  մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին վերաբերող սև և կարմիր գունազարդ խեցեղենը` գտնված Մոզից և Ելփինից, ուրարտական բրոնզե ծիսական գոտիները, զարդերը, Արենիից գտնված Արջուկի ծիսանոթը, Հունարեն արձանագրությամբ զոհասեղանը, պտղաբերությունը խորհրդանշող տառապանները և կանացի կուռքերը:  

Թանգարանը հարուստ է նաև միջնադարյան ցուցանմուշներով: Հատուկ ուշադրության է արժանի ճարտարապետ Մոմիկի 1300-1312թթ. կերտած խաչքարը, 11-13-րդ դդ. Եղեգիս գյուղաքաղաքից գտնված ջնարակապատ խեցեղենի հավաքածուն, Ցաղաց քարի պեղումներից հայտնաբերված ձեռաց խաչերը, Թանահատից /Գլաձորի համալսարան/ գտնված բուրվառն ու կանթեղը և այլն: 

​Հարուստ է նաև ազգագրության բաժինը. Գորգ, կարպետ, արծաթե գոտիներ և զարդակոճակներ, աշխատանքային գործիքներ, կենցաղային իրեր / ճրագ, մանգաղ, արդուկ, ճախարակ, կարաս / և այլն:

​Դրամագիտության բաժնում կան թղթադրամներ, պղնձե և արծաթե մետաղադրամներ, որոնք վերաբերում են  մ.թ.ա. 1-ին հազարամյակին, կաուրիներ, կնիք մատանիներ, մեդալներ ու շքանշաններ:

Թանգարանը հարուստ է նաև Վայոց ձորի  մտավորականների  անձնական ֆոնդերով և 1-ին Համաշխարհային, քաղաքացիական, 2-րդ համաշխարհային և Արցախյան պատերազմների վերաբերյալ փաստաթղթերով և լուսանկարներով:

Copyright protected- Armenian Carpets Virtual Museum

bottom of page