top of page

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակա­կանու­թյան ապահովումն ու հանրահռչակումը:

Թան­գարանի հավաքածուի հենքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները:

Այդ հենքի վրա էլ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, էթնիկ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով, 1978 թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստեղծվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը:

2020 թ.-ին վերանվանվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

Թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջանում և փայտարվեստի ցուցասրահ Երևանում (փ. Պարոնյան):

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գոր­­­­­­­­­­­­­գագործության, խեցեգործու­թյան նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման  փուլերը:

Թանգարանի գործունեությունը միտված է պահպանելու և զարգացնելու էթնիկ մշակույթը.

 

  • Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ. ժողովրդական վարպետների ստեղծագործությունների անհատական,ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի միջազգային ցուցահանդեսներ:

  • Կազմակերպում է տոնա-ծիսական համակարգին առնչվող հանդիսույթներ, ազգագրական երգ ու պարի համերգներ, խմբերգային և ջազային արվեստի երեկոներ, գրքերի, ալբոմների  շնորհանդեսներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ և այլն:

  • Իրականացնում է գիտակրթական աշխատանք. գիտաժողովներ, դասախոսություններ, դասընթացներ, վարպետաց դասեր:

  • 2017 թ.-ից Ժողովրդական արվեստի պահպանման և հանրահռչակման բաժնի աշխատակիցները, «Արար» ծրագրի շրջանակներում, Սյունիքից մինչև Տավուշ մարզերի համայնքներում իրականացնում են դասընթացներ՝  ասեղնագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն, խեցեգործություն, խաչքարագործություն, գեղանկարչություն, ազգագրական երգ ու պար:

  • Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի համար թանգարանի դպրոցում՝ «Ինքնության դարբնոցում» անցկացվում են մեկօրյա և երկարաժամկետ կրթական ծրագրեր /գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի գեղարվեստական մշակում և այլն/:

  • Համագործակցում է կրթական հաստատությունների, զբոսաշրջության գործակալությունների, մշակութային տարբեր կառույցների հետ՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման նպատակով:

Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր:

bottom of page